ՌԱԴԻՈ

Իրանի և Արևմուտքի միջև պրոքսի պատերազմում Ադրբեջանը խրտվիլակ է. իրանագետ

Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի հայտարարությանը, որով նա առաջարկել է փոխել երկրի անվանումն ու կոչել այն Հյուսիսային Ադրբեջան։
Sputnik
Այս պահին Իրանի դեմ ծավալվող տարածաշրջանային պրոքսի պատերազմում ընդգրկված է նաև Ադրբեջանը, իսկ այդ երկրի խորհրդարանից հնչող հակաիրանական հայտարարությունները նորություն չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։
Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն այսօր առաջարկել է փոխել երկրի անունը՝ այն դարձնելով Հյուսիսային Ադրբեջան: Նրա կարծիքով՝ դա խթան կհանդիսանա նաև հարավային ադրբեջանցիների համար` ակնարկելով Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին։ Հասանգուլիևը հիշեցրել է, որ վերջերս Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի «թշնամական քաղաքականությունը»։
«Ադրբեջանը նման քայլեր է կատարում գործընկերների` ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի խրախուսմամբ։ Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Իրանի վրա` հանդես գալով հակաիրանական հայտարարություններով։ Իսկ Իրանում ժամանակ առ ժամանակ տարբեր մակարդակներում Ադրբեջանը կոչում են Հյուսիսային Իրան։ Իրանական մամուլում պրոքսի պատերազմին բնորոշ շարժեր միշտ էլ տեղի են ունեցել, ինչն այժմ պարզապես դառնում է դիվանագիտական խոսույթ»,– պարզաբանեց իրանագետը։
Նրա կարծիքով`դժվար թե ադրբեջանական խորհրդարանում հնչող նման հայտարարությունները լուրջ գործընթացների հանգեցնեն, առավել ևս, որ իրանական կողմում նույնպես հնչում են սուր հայտարարություններ, ինչպես, օրինակ, վերջերս Մեջլիսի պատգամավորներից մեկը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է միանա Իրանին։
Պետք չէ գերագնահատել. Փաշինյանը` Իրանի և Ադրբեջանի միջև բախման հավանականության մասին
Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև այն հանգամանքը, որ հարևան երկրում նույնիսկ խոսակցություններ եղան Գյուլիստանի պայմանագիրը վերանայելու մասին։
«Իրար դեմ կիրառվող հռետորաբանությունը պարզապես ունի հոգեբանական էֆեկտ։ Ադրբեջանական հեռուստաալիքներով շատերը խոսում են Իրանում գտնվող հայրենակիցների մասին, իսկ իրանցիներն իրենց հերթին հիշատակում են Գյանջայում ապրող և իրանական ծագում ունեցող քաղաքացիների մասին։ Ադրբեջանին պարզապես օգտագործում են Իրանի և Արևմուտքի միջև պրոքսի պատերազմում որպես խրտվիլակ, առավել ևս, որ կա պատմական ենթահողը»,– նշեց իրանագետը։
Նրա դիտարկմամբ` Ալիևն արցախյան 44-օրյա պատերազմից հետո փորձում է առկա հակասություններից օգտվել` հանդես գալով առանձին հայտարարություններով, մինչդեռ իրականում Ադրբեջանը չունի այն ներուժը, որ լուրջ քայլեր ձեռնարկի Իրանի դեմ։
Հիշեցնենք, որ վերջերս Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական առաքելության ղեկավար Ալի Ալիզադեն կանչվել էր ԻԻՀ ԱԳՆ՝ Բաքվի պաշտոնյաների ոչ բարեկամական հռետորաբանության պատճառով:
Մինչ այդ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնել էր հոկտեմբերին Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը Ադրբեջանի քաղաքացիների մասնակցության մասին։