ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հունգարիան վաղուց հասկացրել է, որ չի համաձայնի Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի անցկացմանը, քանի դեռ Կիևը չի վերադարձրել հունգարական ազգային փոքրամասնության իրավունքները, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ Բուդապեշտն արգելափակել է Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Գրում են, որ մենք խանգարեցինք Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի պաշտոնական նիստի գումարմանը։ Մեր դիրքորոշման մեջ ոչ մի նոր և ոչ մի զարմանալի բան չկա։ Մի քանի տարի առաջ մենք հասկացրել էինք, որ քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել Անդրկարպատյան հունգարացիների իրավունքները, մենք չենք համաձայնի այդ հանձնաժողովի (Ուկրաինա-ՆԱՏՕ) գումարմանը», - գրել է Սիյարտոն սոցցանցերում։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը «առաջ չի քաշել» այդ հարցը ռուսական հատուկ գործողության սկզբից ու չի պատրաստվում հիմա դա անել։
Սիյարտոն մոտալուտ խաղաղության հույս է հայտնել և նշել, որ այդ ժամանակ հնարավոր կլինի այդ հարցը նորից քննարկել։