ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «Կենսաբանական (մանրէաբանական) և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի հետ կապված հայկական կողմի առարկություններն ընդունվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը` հավելելով, որ այսօր առցանց ռեժիմով կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։ Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Նոյեմբերի 24-ին հայտնել էինք, որ Հակոբ Արշակյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ առարկություններ է ներկայացրել «Կենսաբանական (մանրէաբանական) և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին»։
«Աշխատանքային ընթացակարգով քննարկվել ու ընդունվել են բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ի գիտություն են ընդունվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով ուղարկված փաստաթղթերը: