Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը սկսվել է

Քննչական կոմիտե
Ադրբեջանական ագրեսիայի փաստով հարուցված քրգործի շրջանակում քննչական գործողություններ են ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը սկսվել է, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին:
«Նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործություններ) և 149-րդ հոդվածի 1-ին մասի (ագրեսիա) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ»,–գրել է Աբրահամյանը։
Իրականացվում են քննչական և վարույթային գործողություններ։