ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը:
Տեղեկությունը հայտնում է ԱԽ քարտուղարի գրասենյակը` հավելելով, որ Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ:
«Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Գրիգորյանը ողջունել է Գերմանիայի կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի` Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականի բարեփոխումների ռազմավարության մեջ:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առավել զարգացնել երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում:
ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաև ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Ֆրանսիա և Գերմանիա է մեկնել։