ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Չինաստանը Թուրքիային և Իսրայելին կոչ է անում շտապ դադարեցնել Սիրիայի վրա հարձակումները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ում ՉԺՀ–ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։
«Մենք պետք է հուսալիորեն պաշտպանենք Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սիրիայում անվտանգային իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիային և հայտարարել, որ ցամաքային գործողություն է իրականացնելու Սիրիայի դեմ։ Սիրիայի ուղղությամբ իսրայելական ավիահարվածները նույնպես շարունակվել են», - ասել է Գեն Շուանը ՄԱԿ-ի ԱԽ նիստում։
Նրա խոսքով՝ այս բոլոր գործողությունները կոպտորեն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կարող են սիրիական հակամարտության սրման ու տարածման հանգեցնել։
«Չինաստանը խորապես մտահոգված է։ Կոչ ենք անում Թուրքիային և Իսրայելին անհապաղ դադարեցնել անդրսահմանային հարձակումները, խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել, և համապատասխան հարցերը լուծելու համար հավատարիմ մնալ երկխոսությանը», - նշել է չինացի դիվանագետը։
Թուրքիան նոյեմբերի 20-ից օդային գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը: