Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանցիները դարձյալ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հայկական կողմը կորուստներ չունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանցիները գիշերը դարձյալ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 29-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։