Ադրբեջանական կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊՆ

ՊՆ
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն»,– ասված է հաղորդագրությունում:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։