Թունյանն առաջարկում է զբոսաշրջիկներին թույլ տալ անսահմանափակ կանխիկ վճարումներ կատարել

ՔՊ –ական պատգամավորը նշել է, որ զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առևտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռքբերման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քննարկումը հետաձգելու պատճառը որոշ հարցերի ճշգրտման կարիքն է։
«2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող և մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առևտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռքբերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված»,– քննարկման ժամանակ հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Նա առաջարկել է օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առևտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առևտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաև կանխիկ վճարումներ:
Ընտանեկան և սոցիալական նպաստները նույնպես անկանխիկ կվճարվեն. սոցապը նոր նախագիծ ունի
Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, համաձայն որի, պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների վճարները կատարվում են անկանխիկ եղանակով, իսկ 300 000 դրամը գերազանցող գործարքները միայն անկանխիկ պետք է իրականացնեն նաև քաղաքացիներն ու անհատ ձեռներեցները։