Շարունակում է չափազանց լարված մնալ. Միրզոյանը` տարածաշրջանային իրավիճակի մասին

Արարատ Միրզոյան
Փաշինյանն առաջարկել է փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ` համոզվելու, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ այնտեղ չկան, սակայն Ալիևը մերժել է առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Շարունակում է չափազանց լարված մնալ, «Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` գնահատելով տարածաշրջանում առկա իրավիճակը։
«Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները»,– ասել է նախարարը։
Նա նաև հիշեցրել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից ռազմական սադրիչ գործողություններ են տեղի ունենում։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով` միջազգային բոլոր գործընկերները պետք է հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմն իր հերթին պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի առկա բոլոր քարտեզները, թեպետ նման հանձնառություն չի ունեցել ոչ եռակողմ պայմանավորվածությունների, ոչ էլ միջազգային իրավունքի շրջանակներում։
Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը․ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
«Ավելին, պատրաստակամություն ենք հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը»,– հավելել է նախարարը։
Անդրադառնալով Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, նախարարը նշել է, որ ցուցադրված ականներն ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքներում ու հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով:
«Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈւ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ, և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերին»,– հայտնել է Միրզոյանը։
Նախարարը հերքել է նաև Ադրբեջանի այն մեղադրանքները, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված մնալ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ վարչապետ Փաշինյանն անգամ առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ՝ փաստը ստուգելու համար, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից։