Պատմական քարտեզները շեշտադրելը վտանգավոր է երկու երկրների անկախության համար. ԱԳ նախարար

Հայաստանը պատրաստակամ է ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանությունը կարող է վտանգավոր լինել երկու երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտը դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ: «Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե սահմանազատումը պետք է արվի պատմական քարտեզների հիման վրա։
Նա նաև ընդգծել է, որ նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը, այն է` երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ` պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության»,– ասել է նախարար Միրզոյանը։
Նա նաև հիշեցրել է, որ համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո 2022թ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից։ Նրա կարծիքով` դա կասկածի տակ է դնում ոչ միայն Սոչիում և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու` Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ:
Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը․ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև այն մասին, թե արդյոք նոր եռակողմ հանդիպման մասին պայմանավորվածություն կա։ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից։ Միրզոյանի խոսքով` Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում»,– ասել է նախարարը։
Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմը ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: