Նոր մանրամասներ Վանաձորում ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած վեճից

Ըստ տեղեկությունների` քաղաքացիներից մեկը մետաղյա ձողով է հարձակվել ոստիկանների վրա, մյուսն էլ հեղուկ է ցողել նրանց ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Վանաձորում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած վեճի ու ծեծկռտուքի մասին։
Նախնական տեղեկություններով` նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ ու կայանել մոտակա բենզալցակայանում:
Ոստիկանն արձանագրություն կազմելու համար մոտեցել է վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին խոչընդոտել է ոստիկանի օրինական գործողություններին:
Ըստ տեղեկությունների` մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին։
«Նույն օրը՝ ժամը 15.20-ի սահմաններում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս, ինչից հետո մի շարք քաղաքացիներ կրկին դուրս են եկել և վիճաբանել վերջիններիս հետ, իսկ նրանցից մեկը մետաղյա ձողով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա։ Դա կանխվել է այլ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքացիներից մեկը հեղուկ է ցողել ոստիկանների ուղղությամբ»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Միջադեպի մասնակից 2 քաղաքացի տարբեր ախտորոշումներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 1-ին մասով (երկու դրվագ):
Կալանավորը զանգել ու հայտնել է, որ Լոռու քննչական վարչությունում ռումբ է տեղադրված
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք՝ քաղաքացիներ, պարեկային ծառայության աշխատակիցներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, պահանջվել են տեսագրություններ։
«Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների կողմից ներկայացվել է հաղորդում իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի (Խոշտանգումը) 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթը»,– տեղեկացնում են քննչական կոմիտեից:
Նախաքննությունը շարունակվում է։