Մինչև 2028 թվականը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ

Տիեզերք արձակված հայկական արբանյակը
ՀՀ վարչապետին զեկուցվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Մինչև 2028 թվականը Հայաստանը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես վարչապետին զեկուցել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը:
«Նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և շեշտել, որ ոլորտի զարգացումը շարունակելու է լինել կառավարության ուշադրության կենտրոնում:
ՀՀ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ առաջիկայում ներկայացնել այսօրվա խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ու հարցերի լուծման «ճանապարհային քարտեզ»՝ վերը նշված ուղղություններով առաջ շարժվելու և զարգացում ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Սփեյս Իքս» տիեզերանավով մայիսի 25-ին՝ ժամը 22:35-ին, երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։
Հայկական արբանյակը սեպտեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանից կադրեր է ֆիքսել. փոխնախարար