Խոսքը միայն զենքի մասին չէ. Հնդկաստանի նախկին դեսպանը` ՀՀ-ի հետ համագործակցության մասին

Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Ռինա Պանդեյ
Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փորձի փոխանակում անել, ինչպես նաև համատեղ մարտական պատրաստության դասընթացներ կազմակերպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Ռինա Պանդեյը վստահ է, որ վերջին ժամանակներս Երևանում և Դելիում իսկական հետաքրքրություն է առաջացել պաշտպանական ոլորտում սերտ համագործակցության հաստատման նկատմամբ, և խոսքը միայն սպառազինությունների մատակարարման մասին չէ:
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պարզաբանեց, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է գործում, որը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում։
«Ռազմական ոլորտում համագործակցությունը միայն սպառազինության ձեռքբերումը չէ։ Մենք կարող ենք համագործակցել դրանց համատեղ արտադրության մեջ, համատեղ զորավարժություններ անցկացնել»,-ասաց Պանդեյը։
Դիվանագետը վստահ է, որ ցանկացած երկիր ցանկության դեպքում իրավունք ունի զորավարժություններ անցկացնել կամ մասնակցել դրանց։ Նրա խոսքով` ռազմական համագործակցություն ասելով նկատի ունեն նաև փոխադարձ այցելությունները, դասախոսությունների շարքերը, փորձի փոխանակումը։ Նախկին դեսպանը նշեց, որ հայ զինծառայողները, օրինակ, կարող են մասնակցել Հնդկաստանի առաջատար ռազմական ինստիտուտների կողմից կազմակերպվող դասընթացներին։
«Մեզ մոտ գալիս են աշխարհի տարբեր երկրներից և նույնիսկ ԱՄՆ-ից։ Նրանք (նկատի ունի ԱՄՆ-ն - խմբ.) ուզում են հասկանալ Հնդկաստանի մարտավարական և ռազմավարական մտածողությունը»,-ասում է Պանդեյը։
Դիվանագետը վստահ է, որ ցանկության դեպքում Հայաստանն ու Հնդկաստանը կարող են այնպիսի զորավարժություններ կամ դասընթացներ կազմակերպել, որոնք արդիական և հետաքրքիր կլինեն հայկական կողմի համար:
«Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցման հարցում ամեն ինչ չէ, որ կախված է Երևանից. Բայբուրդյան
Նախկին դեսպանը հայտարարեց, որ վերջին տարիներին երկու երկրներում էլ իսկական հետաքրքրություն է առաջացել ռազմական ոլորտում փոխգործակցության ակտիվացման նկատմամբ։ Այդ մասին են վկայում նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների վերջին այցերը։ Պանդեյը վստահ է, որ փոխգործակցության գլխավոր «շարժիչը», այնուամենայնիվ, շարունակում են մնալ քաղաքական գործիչները` երկու երկրների ղեկավարները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հնդկաստան էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը։ Հնդկական ԶԼՄ-ներն ավելի վաղ բազմիցս հայտնել էին Երևանի և Նյու Դելիի միջև խոշոր ռազմատեխնիկական գործարքների մասին: