ՌԱԴԻՈ

Կհայտնվենք անդունդի եզրին. Սարգսյանը բացահայտում է ՀՀ տնտեսության և ռելոկանտների կապը

Տնտեսագետը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից եզրակացրել է, որ նա չի տիրապետում պետական պարտքի իրական չափին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերի դրությամբ Հայաստանի գրանցած տնտեսական ցուցանիշները պայմանավորված են բացառապես ՌԴ քաղաքացիների` ռելոկանտների ներհոսքով ու իրականում չեն արտահայտում ՀՀ տնտեսության իրական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ տնտեսական ակտիվության վերջին ցուցանիշը։
«Եթե դիտարկենք տնտեսական ակտիվության տնտեսական կառուցվածքը, ապա ակնհայտ է, որ աճ է գրանցվել ՏՏ ոլորտում, ռեստորանային–հյուրանոցային և խաղային ոլորտներում։ Ծառայությունների ոլորտն աճել է 23 տոկոսով, մանրածախ առևտրի ոլորտը` 2 տոկոսով։ Այսինքն` հայաստանյան բնակչության եկամուտները չեն աճել, բայց շուրջ 10 տոկոս գնաճ է տեղի ունեցել․ բնակչությունն աղքատացել է, սպառում չի կարողանում իրականացնել, իսկ առևտուրն էլ աճել է հիմնականում Ռուսաստանից ներհոսքի հաշվին։ Սա նշանակում է, որ իրականում ունեցել ենք 10 տոկոսի նվազում և 12 տոկոսի ավելացում` ներհոսքի հաշվին»,– ասաց Սարգայանը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր,, թե տնտեսական աճը վկայում է, որ ՀՀ տնտեսությունն արագ վերականգնվել է սեպտեմբերյան շոկից։
Թե կոնկրետ ինչ նկատի ունի Քերոբյանը «շոկ» ասելով, Նաիրի Սարգսյանը դժվարացավ ասել։ Փոխարենը նշեց, որ Հայաստանը տնտեսական շոկի մեջ է գտնվում արդեն 30 տարի։
«Հատուկ սեպտեմբերյան շոկ մենք չենք ունեցել»,– ասաց նա` չբացառելով, որ էկոնոմիկայի նախարարը «շոկ» ասելով նկատի է ունեցել Ադրբեջանի կողմից ՀՀ–ի նկատմամբ իրականացված սեպտեմբերյան ագրեսիայի մի քանի օրերը։
Բայց այդ հանգամանքը, Սարգսյանի պնդմամբ, որևէ կերպ չի ազդել ՀՀ ներկայիս տնտեսական աճի վրա, քանի որ Ադրբեջանի հերթական հարձակումը չի հանգեցրել ո՛չ ներհոսքի դադարեցման և ո՛չ էլ ռելոկանտների վերադարձի։ Հակառակը` սեպտեմբերի Հայաստան ժամանողների թեթևակի աճ է գրանցվել։
Եթե ռելոկանտները հետ գնան, մասնագետի կանխատեսմամբ, Հայաստանի տնտեսությունը կհայտնվի կատաստրոֆիկ վիճակում, և կգրանցվի տնտեսական շատ լուրջ շոկ։
«Հիմա պետական պարտքի կառավարումն իրականացվում է ներկա պահի տնտեսական ցուցանիշներով։ Իսկ Հայաստան տեղափոխվածների մեկնելու դեպքում մենք ունենալու ենք պետական պարտքի` օրենքով սահմանված չափից ավելի գերազանցում ու հայտնվելու ենք ճգնաժամային իրավիճակում։ Ու այդ պայմաններում դժվար է լինելու միջազգային կազմակերպություններից ու այլ պետություններից նույնիսկ նոր վարկեր ներգրավելը»,– ասաց նա։
Հիշեցնենք` անցած շաբաթ ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակառակ տեսակետն էր հայտնել` ասելով, որ Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն այս պահին 50 տոկոս է, և դա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է։ Վարչապետը նաև հայտարարել էր, որ դա ոչ թե արտարժույթի փոխարժեքի անկման արդյունք է, այլ պետական պարտքի կառավարման որակի։
Նաիրի Սարգսյանը Փաշինյանի այս հայտարարությունից եզրակացնում է, որ երկրի վարչապետը չի տիրապետում պետական պարտքի իրական չափին` պարտք–ՀՆԱ ցուցանիշների իրական հարաբերակցությանը։
«Փաշինյանը նշել էր, որ պետական պարտքի նվազումը պետական արդյունավետ կառավարման արդյունք է, բայց պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ դա բացառապես փոխարժեքային տատանումների արդյունք է։ Ընդ որում՝ եթե վաղը փոխարժեքի տատանում լինի հակառակ ուղղությամբ, և Հայաստանում ժամանակավորապես բնակվող ՌԴ քաղաքացիները հետ գնան իրենց երկիր կամ այլ երկրներ, մենք կհայտնվենք անդունդի եզրին»,– կարծում է Սարգսյանը
Նա նաև արձանագրում է, որ 2023թ–ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է բյուջեի շուրջ 11 տոկոսն ուղղել պետական պարտքի սպասարկմանը, իսկ դա, նրա բնորոշմամբ, ահռելի թիվ է։ Ուստի, շատ կարևոր է, որպեսզի ներգրավված պարտքային միջոցները ծախսվեն այնպիսի ուղղություններով, որոնք հետագայում կապահովեն նաև պարտքի վերադարձը։
Սարգսյանը համոզված է՝ եթե ներգրավված միջոցներն ուղղվեն եկամտաստեղծ ոլորտների` Հայաստանի տնտեսական պոտենցիայի բարելավանը, ապա առաջիկա 2 տարում հնարավոր կլինի շատ լուրջ ցուցանիշներ ունենալ։
«Եթե նույնիսկ ուղղենք սոցիալական ծախսերի կատարմանը` նպաստների, թոշակների վճարմանը, մենք կունենանք որոշակի սպառման ավելացում ու տնտեսական որոշակի բարելավում։ Բայց պատկերացրեք, որ այդ գումարներն ամբողջությամբ Հայաստանից դուրս են գալիս, ինչը շատ վատ է տնտեսության համար»,– ասաց Սարգսյանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել էր 2022թ.-ի հիմնական տնտեսական ցուցանիշները։ Դրանց համաձայն`2022-ի հոկտեմբերին 2021-ի հոկտեմբերի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 17.5%–ով:
Ընդ որում`ամենաբարձր աճը գրանցվել է ծառայությունների (+34.9 %) ու առևտրի (+23.1%) ոլորտներում։ Այսինքն` տնտեսական աճը հիմնականում հիմնված է հենց այս ոլորտների վրա։
Սպառողական գներն անցյալ տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ աճել են 9.5%–ով, այս տարվա սեպտեմբերի համեմատ` 0.6: