Իրանում արևմտյան երկրների մի շարք քաղաքացիներ են ձերբակալվել. ԱԳՆ

Իրան
Իրանում անկարգությունները սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Իրանի իրավապահ մարմիններն արևմտյան երկրների մի շարք քաղաքացիների են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին:
«Արևմտյան երկրների զգալի թվով քաղաքացիներ ներկա են եղել ու մասնակցել անկարգություններին, նրանցից ոմանք ձերբակալվել են», - IRNA-ի փոխանցմամբ՝ ասել է Կանաանին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։
Նշենք, որ Իրանի տարածքում վերջին երկու ամսում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել։ Հոկտեմբերի վերջին անհայտ անձինք կրակ էին բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ–Չերախ դամբարանի տարածքում։ Ահաբեկչական գործողությունների հետևանքով 13 մարդ էր զոհվել, ևս 45-ը` վիրավորվել։ Ավելի ուշ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնեց, որ ահաբեկչության մասնակիցներ թվում Ադրբեջանի քաղաքացիներ կան։
Եվս մեկ ողբերգություն էլ տեղի էր ունեցել նոյեմբերի 16–ին Խուզեստան նահանգի Իզե քաղաքի շուկայում։ Անհայտ անձինք երկու մոտոցիկլետներով մոտեցել էին քաղաքացիների խմբի և կրակ բացել։ Կրակոցների հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում` երեխա և տարեց կին, ևս 10-ը` վիրավորվել։