ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմերում գլխավոր հերոսին, ամենայն հավանականությամբ, կմարմնավորի բրիտանացի դերասան Աարոն Թեյլոր Ջոնսոնը։ Տեղեկությունը հայտնում է Daily mail-ը։ Ըստ տեղեկությունների` օրերս Ջոնսոնը մասնակցել է քասթինգին, և ֆիլմաշարի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլիին շատ է դուր եկել։ 32-ամյա Թեյլորը ավելի քան 50 տարբեր նախագծերում է նկարահանվել, մի քանի տասնյակ հայտնի հեռուստաֆիլմերում, այդ թվում` «Առաջին վրիժառուները. ուրիշ պատերազմ», «Չափազանց վտանգավոր», «Գոձիլլա», «Աննա Կարենինա» և այլն։ «Գիշերվա քողի տակ» ֆիլմում մարմնավորած կերպարի համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»։
Հիշեցնենք` ավելի վաղ բրիտանական հետախուզության գործակալի մասին կինոէպոպեայի պրոդյուսերները հայտարարել էին, որ Ջեյմս Բոնդի դերի համար նոր դերասան են փնտրում առաջիկա 10 տարվա հաշվարկով։
«Մենք ընտրում ենք Բոնդին 10-12 տարով։ Ոչ բոլորն են դրան պատրաստ», – ընդգծել են նրանք։
Ըստ տեղեկությունների` Թեյլորի մրցակիցների թվում են դերասաններ Հենրի Քավիլը, Թոմ Հարդին և Ռեգե-Ժան Փեյջը։
Յան Ֆլեմինգի վեպերի հիման վրա նկարահանված, բրիտանական MI6 հետախուզության «007 գործակալ» Բոնդի մասին առաջին ֆիլմը մեծ էկրան է բարձրացել 1962 թվականին։ Առաջին դերակատարը լեգենդար Շոն Քոններին էր։
Նրանից հետո Բոնդի դերում նկարահանվել են Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը։ Վերջին հինգ ֆիլմերում նկարահանվել է Դենիել Քրեյգը։ Ընդհանուր առմամբ, մինչ այժմ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի շրջանակներում 27 ֆիլմ է նկարահանվել։