«Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցման հարցում ամեն ինչ չէ, որ կախված է Երևանից. Բայբուրդյան

Արմեն Բայբուրդյան
Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանը նշում է, որ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ կապված ընդհանուր որոշումներ գոյություն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն իր կարևոր մասնակցությունն ունի «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում, սակայն միայն Երևանի ջանքերը բավարար չեն, քանի որ ամեն ինչ չէ, որ կախված է մեր երկրից։ Նման կարծիք հայտնեց Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Արմեն Բայբուրդյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին։
«Մեր ջանքերը կարևոր են, սակայն կա մեկ հարթություն, որի վրա զարգացումները տեղի են ունենում, և ամեն ինչ չէ, որ մենք ենք որոշում։ Միևնույն ժամանակ, մեր մոտեցումները կարևոր են, որ նպատակն իրականություն դառնա։ Հարցն այն է, որ աշխարհատնտեսական գործոնների ազդեցության տակ ընդհանուր որոշումներ գոյություն ունեն` ինչ ճանապարհն ինչպես պետք է անցնի և այլն»,–ասաց նա։
Բայբուրդյանի խոսքով` «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը շատ կարևոր է Հայաստանի համար, սակայն պետք է հաշվի առնել, թե ինչքանով է այն գործնական իմաստ ստանում։
Միաժամանակ, նախկին դեսպանը հիշեցրեց, որ պաշտոնական Դելին «Հյուսիս-հարավի» ամբողջ գործնական աշխատանքում ներգրավել է 2000 թվականին։ Նրա խոսքով` Հնդկաստանը ոչ միայն ապագա է տեսնում այդ ծրագրերում, այլ իր ամենօրյա աշխատանքով նպաստում է միջանցքի ձևավորմանը։ Բայբուրդյանը նշեց` Հնդկաստանն իր աշխարհըմբռնման մեջ չի սևեռվում միայն 1-2 տարբերակի վրա, այլ դիտարկում է բոլոր տարբերակները։
«Դեպի ծով ելք չունեցող երկրների համար առավել կարևոր է ճանապարհների ստեղծումը, միջազգային ճանապարհների միանալը։ Այսինքն` Հայաստանը նույնպես այս տեսանկյունից պետք է նայի «Հյուսիս–հարավ» ճանապարհին»,–ասաց Բայբուրդյանը։
ՀՀ-ում շուրջ 3 հազար հնդիկ ուսանող կա. Հնդկաստանը համոզված է, որ այդ թիվը կարող է մեծանալ
Անդրադառնալավ հայ-հնդկական հարաբերություններին` նա նախ հիշեցրեց, որ այսօր Հնդկաստանն իր տնտեսությամբ աշխարհում 5-րդն է, ինչը նշանակում է, որ արդեն իսկ գերտերություն է։ Ուստի, ըստ Բայբուրդյանի, նման պետությունն ամենուրեք շահեր ունի, և եթե նախկինում Հնդկաստանի համար Կենտրոնական Ասիան էր համագործակցության համար ամենահետաքրքիրը, ապա հիմա դիտարկվում է նաև Միջին Ասիան և Հարավային Կովկասը։
Նախկին դեսպանը նշեց, որ Հնդկաստանը Հայաստանին դիտարկում է որպես ռազմավարական ու դաշնակից երկիր, ինչի համար էլ երկու պետություններն ամեն ինչ անում են հարաբերությունները խորացնելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 31-ին: