ՀՀ-ն կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պաշտպանության հարցերով նստաշրջանին

Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ–ից։
Նշվում է, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը:
«Նստաշրջանին մասնակցում է աշխարհի 125 երկրի ավելի քան 1000 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող ՀԿ–ների ներկայացուցիչներ, դիտորդներ: Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 50 հայտ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միջկառավարական կոմիտեն ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է։ Այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է: Կոմիտեի կարևոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը՝ կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցելու նպատակով:
Ադրբեջանի վերջին սադրանքի պատճառով վտանգված է 500 հուշարձան. Դումանյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Հիշեցնենք, որ ՀՀ–ն ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» տարրերը: ՅՈւՆԵՍԿՕ-ում հավատարմագրվել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (2020 թ.), և ՅՈւՆԵՍԿՕ է ներկայացվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցը (2021 թ.):