ՌԱԴԻՈ

Անկանխիկ գործառնությունների հետ կապված օրենքն ունի բազմաթիվ խնդիրներ. տնտեսագետ

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությանը։
Sputnik
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի հեղինակները չեն պատկերացնում այն բոլոր հնարավոր իրավիճակները, որոնք կարող են ի հայտ գալ իրենց կողմից ընդունված օրենքի պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ, 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող և մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առևտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված, հետևաբար պատգամավորն առաջարկում է հնարավորություն ընձեռել ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաև կանխիկ վճարումներ:
«Տվյալ նախագիծն ապացուցում է, որ անկանխիկ գործառնությունների հետ կապված օրենքն ունի բազմաթիվ խնդիրներ։ Երբ օրենքն ընդունվում էր և մատնանշվում էին մի շարք թերություններ, բացթողումներ, ինչպես նաև հասարակության ու բիզնեսի անպատրաստ լինելու հանգամանքը, օրենքի հեղինակները պնդեցին, որ դա մեզ այդուհանդերձ օդ ու ջրի պես անհրաժեշտ է, ուստի օր առաջ պետք է այն կիրառել»,– նշեց տնտեսագետը։
Պարսյանի կարծիքով` այժմ, մասնավորապես Իրանից ժամանող զբոսաշրջիկները Հայաստանում բախվում են որոշակի խնդիրների, քանի որ նրանք գումարներն իրենց հետ բերում են կանխիկ եղանակով. Իրանն անջատված է «Սվիֆթ» համակարգից, ուստի այդ երկրի բնակիչները չեն կարող քարտերի միջոցով իրենց հետ արտարժույթ բերել Հայաստան։
ՀՀ օրենսդրությունը թույլատրում է մինչև 10 000 եվրոյի չափով կանխիկ գումար մտցնել Հայաստան։ Տնտեսագետի խոսքով` խնդիրների առջև են կանգնում նաև ՌԴ–ից ժամանող զբոսաշրջիկները, ովքեր պատժամիջոցների պատճառով չեն կարողանում դոլար փոխանցել Հայաստան, այսինքն` իրենց դոլարային քարտերն ու հաշիվները չեն կարող օգտագործել մեր երկրում։
Նոր միտում Հայաստանի անշարժ գույքի շուկայում. մարդիկ սկսել են նվիրել իրենց տները
«Օրինակ` պարսիկ զբոսաշրջիկներն ունենում են խնդիրներ, երբ ցանկանում են այստեղ թանկարժեք հեռախոս կամ այլ ապրանք գնել։ Բացի այդ, հայաստանյան շատ բանկեր հրաժարվում են սպասարկել Իրանի քաղաքացիներին, ինչի արդյունքում տուժում է առևտուրը։ Խանութները ստիպված են տարբեր մարդկանց անվան ներքո կատարել գործարքներ կամ գումարը բաժանել առանձին մասերի, ինչը շատ դեպքերում նույնիսկ հնարավոր չէ»,–մանրամասնեց մեր զրուցակիցը։
Տնտեսագետի պնդմամբ` տվյալ օրենքն անհրաժետություն է, բայց դրանում կան բազմաթիվ թերություններ։ Ըստ նրա` օրենքն արդեն գործում է մոտ 5 ամիս, սակայն արդեն ի հայտ են եկել տարատեսակ խնդիրներ, որոնք ստիպում են վերանայել այն ու կատարել լրամշակումներ։
Պարսյանի դիտարկմամբ` «Անմաքս առևտրի» կետեր ունեն հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ուստի ստացվում է, որ կառավարությունն այս կերպ խտրականություն է ցուցաբերում մեծ և փոքր բիզնեսի միջև։
Հավելենք, որ օրինագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: