Ալիևն իր հանձնառությունն է հայտնել ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին. Կլաար

Տոյվո Կլաարը նշել է, թե կարգավորման հարցում շատ մարտահրավերներ են մնում չլուծված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում գրառում է արել` ամփոփելով նախորդ շաբաթվա վերջին Բաքու կատարած այցը:
«Ադրբեջանի նախագահն իր հանձնառությունն է հայտնել ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։ Սակայն շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»,-գրել է ԵՄ պաշտոնյան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը: