ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Արևմուտքի երկրների կողմից Կիևին ցուցաբերած ռազմական և ֆինանսական աջակցությունը, ի վերջո, թանկ է նստում հասարակության վրա, բայց այդ աջակցությունն անհրաժեշտ է։ Welt am Sonntag-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Սննդամթերքի և էլեկտրաէներգիայի դիմաց հաշիվների աճը Եվրոպայի շատ տնային տնտեսությունների համար ծանր ժամանակներ են նշանակում»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ եվրոպական երկրները, չնայած այս գնին, պետք է շարունակեն Կիևին ռազմական մատակարարումներով ապահովել, քանի որ «խաղաղությանն աջակցելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է»:
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։