Մոսկվան ու Անկարան տարաձայնությունները երկխոսության միջոցով են լուծում. Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ քաղաքական իմաստնությունն ու Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների մակարդակը թույլ են տալիս հաղթահարել տարաձայնությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան, սակայն երկրների միջև հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս դրանք երկխոսության միջոցով լուծել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։
«Սիրիայի հարցում Թուրքիայի հետ տարաձայնություններ կան։ Մի անգամ դրանք հաջողվել է լուծել։ Սոչիում փաստաթուղթ է ստորագրվել․.. Մեր հարաբերությունների մակարդակը և քաղաքական իմաստնությունը թույլ են տալիս մեզ կարգավորել նման տարաձայնությունները ոչ թե առճակատման, այլ լարված, թեև երկար ու լարված, բայց, այնուամենայնիվ, բանակցությունների միջոցով», - ասել է Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ դրանից հետո հնչել են Թուրքիայի առաջնորդի, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հայտարարությունները պայմանավորվածությունների կատարումից դժգոհության մասին։
Հիշեցնենք՝ Թուրքիան նոյեմբերի 20 -ից օդային գործողություն է իրականացնում երկրում արգելված «Քրդական աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) սիրիական թևի դեմ Սիրիայի հյուսիսում։ Հաղորդվում էր Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսին հասցվող հարվածների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը հաջող է անվանել ու չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային փուլը: