Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՇՀԿ–ին անդամակցությանը

Իրանի խորհրդարանը. Արխիվային լուսանկար
Իրանի անդամակցությունը ՇՀԿ–ին ցույց է տալիս այդ երկրի արտաքին քաղաքականության բազմակողմանիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Իրանի խորհրդարանն (Մեջլիս) ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցության մասին օրինագիծը։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։
ՇՀԿ–ին Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցության մասին օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 205 պատգամավոր։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Աբուլֆազլ Ամուին քվեարկությունից առաջ հայտարարել է, որ ՇՀԿ-ին որպես մշտական անդամ Իրանի անդամակցության գործընթացը եղել է անցած 15 տարվա ընթացքում, և 22-րդ գագաթնաժողովում Իսլամական Հանրապետությունն ընդունվել է Շանհայի համագործակցության կազմակերպություն:
«Այդ ժամանակից հաստատվել է 49 գործադիր փաստաթուղթ, և այդ փաստաթղթերը պետք է ընդունվեն Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Փաստորեն, ՇՀԿ-ին Իրանի անդամակցության պայմանը այդ փաստաթղթերի ընդունումն է»,- հավելել է Ամուին։
Նրա խոսքով` ՇՀԿ–ն միջազգային կարևոր նշանակություն ունի։ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ ՇՀԿ-ն համարվում է տարածաշրջանային ամենանշանակալից կազմակերպություններից մեկը` 2 երկրի միջև տնտեսական փոխանակումների ծավալի շնորհիվ։ Իրանի անդամակցությունը ՇՀԿ–ին ցույց է տալիս ԻԻՀ–ի արտաքին քաղաքականության բազմակողմանիությունը։