ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 հոգի մահացել է, ևս 3-ը մարմնական վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 14։28-ին։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մոտ 50-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, շրջվել ձորակը (մոտ 3 մ) և բախվել ծառին. վարորդը և ուղևոր Մ․ Ս․-ն տեղում մահացել են:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տուժած ուղևորներ Մ․ Բ․-ն (ծնված 1988 թ․), Ռ․ Կ․-ն (ծնված 1993 թ.) և Է․ Գ․-ն (ծնված 1982 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։