ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Վանաձորի բժշկական կենտրոն վիրահատել են օրգանների հայելային դասավորություն ունեցող պացիենտի։ Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բժշկական կենտրոն է դիմել 40-ամյա պացիենտ՝ գանգատվելով ձախ ենթակողային շրջանի ցավերից, սրտխառնոցից:
«Հետազոտություններով նրա մոտ հայտնաբերվել էր լեղաքարային հիվանդություն, սուր քարային խոլեցիստիտ, ներքին օրգանների հայելային դասավորություն (օրգանների հայելային դասավորությունը հազվադեպ հանդիպող անատոմիական տարբերակ է, որի դեպքում սիրտը գտնվում է աջ, լյարդը՝ ձախ կողմում)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Չնայած անատոմիական առանձնահատկություններին և դրանից բխող տեխնիկական դժվարություններին՝ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով։
Վիրաբուժական թիմում եղել են Հովակիմ Գոգորյանը, Դավիթ Ազարյանը և անեսթեզիոլոգ Մարտուն Մադոյանը:
Վիրահատությունը անցել է բարեհաջող, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից:
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում ամեն 10 հազար մարդուց միայն մեկի մոտ է հանդիպում օրգանների հայելային դասավորություն: