Պուտինը և Ալիևը քննարկել են Մոսկվայի, Երևանի և Բաքվի պայմանավորվածությունների իրականացումը

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում շեշտը դրել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վրա:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել էին Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել, որում նրանք վերահաստատել էին նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։