ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը վաղը ժամանակավորապես կդադարեցվի: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոց հատվածի երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը համակարգում է ամանորյա տոնական ձևավորման գործընթացը, նոյեմբերի 21-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները, և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի կայանալու է Երևանում դեկտեմբերի 11-ին։ Այդ պատճառով որոշվել է քաղաքի տոնական ձևավորման աշխատանքները ժամանակից շուտ սկսել։ Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, կվառվեն Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։