ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հրաժարական է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պատճառը Հայաստանի գավաթի խաղարկությունում «Գանձասարի» հետ խաղում կրած պարտությունն է, որը երրորդն էր թիմի համար նախորդ երկու շաբաթվա ընթացքում։
Քննարկումից հետո հրաժարականն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։
«Մենք ձախողեցինք գավաթային հանդիպումը, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում։ Այդպիսի արդյունքից հետո որոշեցի հրաժարական ներկայացնել։ Շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին վստահության համար»,–ասել է գլխավոր մարզիչը։
Բարսեղյանը հուսով է, որ իր հարազատ «Ալաշկերտը» ապագայում մեծ հաջողությունների կհասնի։
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը Բարսեղյանին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը։
Հաղորդագրության վերջում ակումբը շնորհավորել է «Գանձասարին» Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։
Հիշեցնենք` Կարեն Բարսեղյանը «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ էր նշանակվել այս տարվա հունիսին։