Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները երեք խախտում են արձանագրել. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահները Արցախում
Զորախմբի հրամանատարությունը հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ քննություն է անցկացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել իր պատասխանատվության գոտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ»,– ասվում է գերատեսչության տեղեկագրում:
Ի՞նչ են անում ՌԴ խաղաղապահներն Արցախում
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: