Դիլիջանում վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին սպասարկող մեքենան

Գևորգ Պապոյան
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ծառայողական մեքենան, վթարի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Նշվում է, որ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին։
«Ըստ տեղեկությունների՝ Գևորգ Պապոյանը վթարի պահին եղել է ավտոմեքենայում, նա չի տուժել»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով ուղևորը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Սարսափելի վթար Գեղարքունիքում. փրկարարները 4 դի են դուրս բերել մեքենաներից