ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի մի տարբերակ, որը հանգեցնում է լաբորատոր կենդանիների 80%-ի մահվան։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ–լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
«Հոկտեմբերին Բոստոնի համալսարանում «Օմիկրոն» մանրէահիմքի և սկզբնական «ուհանյան» տեսակի հիման վրա կորոնավիրուսային վարակի արհեստական հարուցիչ է ստեղծվել։ Ամերիկացիների ստացած մոդիֆիկացված վիրուսը սպանել է լաբորատոր փորձարկման համար օգտագործվող կենդանիների 80 տոկոսին, որոնց մոտ ատիպիկ նյարդաբանական ախտանշաններ և թոքերի ծանր ախտահարում է զարգացել», – ճեպազրույցի ժամանակ ասել է Կիրիլովը։
Նա հավելել է, որ նոր պաթոգենի հետ փոխգործակցելիս հակամարմինների պաշտպանական հատկությունները նվազում են 11 անգամ, գոյություն ունեցող պատվաստանյութերն էլ անարդյունավետ են դրա դեմ։
«Չնայած կենսաբանական բարձր ռիսկերին` ուսումնասիրություններն իրականացվել են ԱՄՆ պետբյուջեի միջոցներով` առանց կենսաանվտանգության գծով ազգային կարգավորիչի համապատասխան հավանության»,– նշել է գեներալ–լեյտենանտը։
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը հիշեցրել է`Պենտագոնն ունի համակարգ, որը թույլ է տալիս իրական ժամանակում վերահսկել առանձնակի վտանգավոր պաթոգենների գտնվելու վայրն ու կիրառումը ամբողջ աշխարհի լաբորատորիաներում, ինչպես նաև հասանելիություն ստանալ այն փորձերի արդյունքներին, որոնք վիճահարույց են էթիկայի և իրավական տեսանկյունից։ Կորոնավիրուսի նոր մանրէահիմքի ստեղծումը նա դասել է նման փորձերի շարքը։