Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրությունում:
Ինչպես վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։