ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ը Ուկրաինայում ռուս ռազմագերիների մահապատժի տեսանյութը իրական է համարել։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Հանձնակատարի խոսքով, ՄԱԿ-ը նախնական վերլուծել է ռազմագերիների մահապատժի տեսագրությունները, որոնք ցույց են տվել` «հավանականությունը մեծ է, որ կադրերն իրական են»։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը Ժնևում հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռևս որևէ պատասխան չի ստացել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս ռազմագերիների մահապատժի հետ կապված դիմումների վերաբերյալ:
Նոյեմբերի 18-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էին ուկրաինացի զինվորների կողմից գնդակահարված ռուս ռազմագերիների մարմինները։ Ըստ տեղեկությունների, ռուս զինվորները հանձնվել էին, որից հետո գնդակահարվել: