ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվում է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, հայտնել է, թե ինչ է ասել Դոնալդ Թրամփը, երբ նրան առաջարկել է որպես փոխնախագահ միանալ իր քարոզարշավին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուեսթն ու Թրամփը հանդիպել են առաջիկա ընտրությունների հեռանկարները քննարկելու համար։ Ռեփերը դիմել էր իր հետևորդներին և խնդրել տարբերակներ ասել, թե ինչպիսին է եղել Թրամփի պատասխանը, երբ ինքը խնդրել է նրան 2024 թվականին լինել իր փոխնախագահը։
Պարզվել է, որ Դոնալդ Թրամփը բղավել է Քանյե Ուեսթի վրա։ Արտիստի խոսքով՝ նախկին նախագահը վստահ է, որ Ուեսթը կպարտվի 2024 թվականի նախագահական ընտրություններում։
Ռեփերը նշել է, որ Թրամփին ամենից շատ շփոթեցրել է փոխնախագահ դառնալու առաջարկը։
Հիշեցնենք` Ուեսթը նոյեմբերի 21–ին հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։
Ավելի վաղ ԱՄՆ գործող ղեկավար Ջո Բայդենն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էին հաստատել, որ պայքարելու են նախագահի պաշտոնի համար։
Ընտրությունները տեղի կունենան 2024-ի նոյեմբերի 5-ին։