ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կանայք որքան ավելի բարձր կրթական մակարդակ ունեն, այնքան ավելի քիչ է հնարավորությունը, որ նրանք կենթարկվեն ֆիզիկական բռնության։ Նման հայտարարություն է արել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի ընթացքում։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ այսօր` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպական միության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին:
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողով
Համաժողովի ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է, որ գենդերային բռնության ձևերն ավելի ու ավելի են շատանում՝ տարբերակվելով ֆիզիկականի, սեռականի, հոգեբանականի, տնտեսականի, կանանց ու աղջիկների թրաֆիքինգի և այլն։
«Այս առումով մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը տարիներ ի վեր ներկայացրել է առաջարկություններ, ի թիվս այլնի՝ օրենսդրական առաջարկություններ, դրանք այսօր էլ արդիական են, և hույս ունենք, որ այդ նախաձեռնությունները չեն մնա կիսատ, կընդունվեն Ազգային ժողովի կողմից»,- ասել է Գրիգորյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ այս հարցում երբեք չպետք է լինել անտարբեր, պետք է իրազեկել ու իրազեկվել, կրթել, կրթվել և, իհարկե, կանխարգելել, արձագանքել ու հետևողականորեն պատժել։
«Ինչ վերաբերում է հատկապես պատժին կամ դրա անխուսափելիությանը, կանխարգելելուն, արձագանքելուն ու հետևողականորեն պատժելուն, տխուր վիճակագրություն ունենք։ Այս մասով դեռ շատ անելիք կա»,– ասել է նա։
Պաշտպանի խոսքով՝ գենդերային բռնությունն այնպիսի երևույթ չէ, որի դեմ պետք է պայքարեն միայն ոստիկանությունը, միայն իրավապահ համակարգը, միայն ՄԻՊ-ը։ Պետք է համատեղվեն հասարակության բոլոր անդամների, բոլոր պատասխանատու անդամների ջանքերը։
Հավելենք, որ 2000 թվականից ի վեր ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը նշում է որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր։ Այդ օրը ողջ աշխարհում մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավը, որն ամփոփվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։ Այս տարի քարոզարշավն անցկացվելու է «Միասին վերջ դնենք կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը» խորագրի ներքո:
2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ընտանեկան բռնության հարցերով 105 դիմում-բողոք։ Ընտանեկան բռնության ենթարկված անձանցից 88-ը եղել են իգական սեռի, 20-ը՝ արական, 8-ի դեպքում տվյալները չեն ներկայացվել, 10-ի դեպքում տվյալներն ամբողջական չեն։ 28 դիմում-բողոքների դեպքերով ընտանեկան բռնության են ենթարկվել երեխաները։
Ընտանեկան բռնություն գործադրած անձանցից 85-ն արական սեռի են, 21-ը՝ իգական, 9-ի դեպքում տվյալներ չեն ներկայացվել, 2-ի դեպքում տվյալներն ամբողջական չեն։
2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ընտանեկան բռնության հարցերով 127 դիմում-բողոք, 2019-ին՝ 91, 2018-ին՝ 50, 2017-ին՝ 24 դիմում-բողոք։