Ռուսաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևն անբարյացակամ քայլ է. ՌԴ ԱԳՆ

Դիվանագետը նշել է, որ ՌԴ-ին «պետական ահաբեկչության» համար մեղադրելու փորձերը սկսվել են Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունից դեռ շատ առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը «ահաբեկչության հովանավոր պետություն» ճանաչելու մասին Եվրախորհրդարանի բանաձևն անբարյացակամ քայլ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանին «պետական ահաբեկչության» մեջ մեղադրելու փորձերը սկսվել են Ուկրաինայում ՌԴ գործողությունից շատ առաջ, այդպիսի հռետորաբանության հեղինակը Կիևն է, որը նման մեղադրանքներ էր հնչեցնում դեռևս 2014 թվականից:
Սիրոմոլոտովի խոսքով` վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ հռետորաբանությամբ են հանդես գալիս նաև Ռուսաստանին ոչ բարեկամ մի շարք այլ երկրների օրենսդիր մարմինները։
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը
«Տվյալ ոչ բարեկամական քայլը մեր երկրի նկատմամբ Արևմուտքի կողմից իրականացվող պատվիրված տեղեկատվական-քաղաքական արշավի մի մասն է և որևէ ընդհանուր բան չունի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում իրական իրավիճակի հետ»,- ասված է Սիրոմոլոտովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը համաշխարհային հանրությանը բազմիցս առաջարկել է միավորել ջանքերն այդ ուղղությամբ` նշելով, որ 1990-ականներին Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողության ժամանակ «Արևմուտքը հովանավորում էր Ռուսաստանի տարածքում գործող հանցագործներին, նրանց ընդունում էր իր մոտ, նրանց զենք ու զինամթերք էր մատակարարում»:
«Եթե առանձին երկրներ կամ Եվրախորհրդարանը ցանկանում են իսկական ահաբեկիչների փնտրել, ապա առաջարկում ենք ավելի ուշադիր նայել և ավելի խորությամբ պարզել ոչ այնքան վաղուց Բալթյան և Սև ծովերում տեղի ունեցածը, այլ ոչ թե մասնակցել բուտաֆորական բանաձևերի շքերթին»,- խորհուրդ է տվել ռուս դիվանագետը:
Նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանը իրավաբանորեն չպարտավորեցնող բանաձև է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչվում է որպես «ահաբեկչության հովանավոր պետություն»՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով:
Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության սառեցում չի լինելու
Ներկայում ԵՄ-ն երկրներին ահաբեկչության հովանավոր պետությունների ցուցակներում ընդգրկելու համար որևէ օրենսդրական հիմք չունի։