ՔԿ–ն խմբի կողմից կատարված ավելի քան 30 գողության, խարդախության դեպքեր է բացահայտել

Նշված քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված ևս 8 անձի մասով նախաքննությունը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է երեք տասնյակից ավել գողության, գողության փորձի, խարդախության դեպքեր, որոնք կատարվել են Երևան քաղաքի 26-ամյա բնակիչի և նրա երկու անչափահաս եղբայրների մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, երիտասարդները 2021 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտք են գործել Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում գտվող հանգստյան գոտիների տնակներ, խանութներ, բնակարաններ և կատարել հափշտակություններ՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս:
Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, հայտարարությունների հարթակում տեսնելով ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, ինչպես միայնակ, այնպես էլ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, կատարել են անձնագրի կեղծում և ավտոմեքենաների սեփականատերերին, կեղծ խոստումներ տալով, կեղծ անձնագրի տվյալներով պարտավորագիր ներկայացնելով, խարդախությամբ հափշտակել են ավտոմեքենաները, վաճառել և գումարը բաժանել միմյանց միջև:
«Հիշյալ երիտասարդը, 2019-2021թթ. ընթացքում, համաձայնության գալով իր ընկերների հետ, տարբեր մարզերում մուտք են գործել ավտոտեխսպասարկման, մետաղների ընդունման կետեր, ինչպես նաև բնակարաններ, և կատարել գաղտնի հափշտակություններ: Որոշ դեպքերում էլ հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով ավարտին հասցնել՝ հեռացել են»,–նշված է հայտարարության մեջ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 238-րդ հոդվածի (Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը) 1-ին մասով, 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ կետով, 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասով:
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Նշված քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված ևս 8 անձի մասով նախաքննությունը շարունակվում է։
Նշված քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված ևս 8 անձի մասով նախաքննությունը շարունակվում է։