ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մասնակիցներին առաջարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպման արդյունքներով մի շարք հարցեր քննարկել։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Խոսելու թեմա կա։ Մենք բոլորս գիտենք` ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը ընդլայնված կազմով, ապա Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Այնտեղ մի քանի հարց կար, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում։ Կխոսենք նաև այդ մասին»,-ասել է Պուտինը։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 23-ին եղել է Երևանում, որտեղ մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին, ինչպես նաև երկկողմ բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: