Նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ. Միրզոյանը` Զիբերթին

Միրզոյանը և Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի սահմանին նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ: Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
«Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ոչ կառուցողական քաղաքականությունը խաթարում են խաղաղության հաստատման ջանքերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:
Միրզոյանն ընդունել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելությանը և խոսել ԼՂ–ի մասին
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։