Իտալացի լրագրողին շնորհակալություն են հայտնել 44–օրյա պատերազմի մասին ֆիլմ նկարելու համար

Ստեֆանիա Բատիստինին նշել է, որ իր համար պատիվ է եղել Հայաստանում աշխատելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել իտալա–արաբական «Ասադակահ» ասոցիացիային` հայանպաստ գործունեության համար։ Տեղեկությունը հայտնում է «Ասադակահ» ասոցիացիան։
Նշվում է, որ դեսպանն իր երախտագիտություն է հայտնել, մասնավորապես, Rai-1 հեռուստաալիքի իտալացի լրագրող Ստեֆանիա Բատիստինիին, որն այցելել է Հայաստան ու Արցախ` 44-օրյա պատերազմի մասին փաստավավերագրական ֆիլմ նկարելու։
Նա ֆիլմում պատմում է Արցախում հայկական պատմական ու մշակութային ժառանգության մասին, ներկայացնում պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի վայրագրություններն ու դրանց հետևանքները։
«Սա շատ կարևոր իրադարձություն է։ Այսօր Ստեֆանիա Բատիստինիին` Հայաստանի համար հատուկ մարդուն, հանձնում եմ ՀՀ զինանշանը։ Նա մեր մշակույթն աշխարհին բացահայտեց` Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած փաստերի ճշմարտացիության մասին վկայող զարմանալի փաստագրական աշխատանքով։ Գիտեմ, որ Ստեֆանիան Միլանից է, և ես նաև գիտեմ, որ նա գրեթե երբեք չի լինում այնտեղ։ Փոխարենը նրան կարելի է տեսնել թեժ կետերում, ինչպիսիք են Արցախը, Աֆղանստանը, որտեղ վտանգված են մարդկային կյանքեր»,– ասել է Ծովինար Համբարձումյանը։
Նա ընդգծել է` Ստեֆանիան նույնպես մարտիկ է, և այսօրվա պրոֆեսիոնալ լրագրությունը նրա նմանների կարիքը շատ ունի։
Համբարձումյանը խոսել է իտալացի լրագրողի ցուցաբերած քաջության մասին, որն իր կատարած աշխատանքով փորձել է կոտրել միջազգային հանրության անտարբերությունը։
Արցախյան պատերազմը լուսաբանած ամերիկացի լրագրողը վերադառնում է Հայաստան` ֆիլմ նկարահանելու
Իտալացի լրագրողն էլ շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար ու նշել, որ իր համար պատիվ է եղել Հայաստանում կատարել այդ աշխատանքը։