ՀՀ–ն պատրաստ է Բրյուսելի հանդիպմանը. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի չի մասնակցի Բրյուսելում սպասվող քառակողմ ձևաչափին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել Բրյուսելում սպասվող հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:
Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»-ը՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին։
«Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի»,–նշել է Հունանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։
Անդրադառնալով Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանի Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկներին, Հունանյանը նշել է, որ այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի հետ կապված հայկական առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ քառակողմ ձևաչափով հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ անցկացվում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Իսկ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են այս տարվա օգոստոսի 31-ին։ Դրան նախորդել էր եռակողմ հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։