«Հայաստան» հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնի ընթացքում 11 մլն դոլար է հավաքվել

Հիմնադրամը հայտնում է, որ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Երեկ` նոյեմբերի 24-ին, «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում, այս պահի դրությամբ, հավաքագրվել է 11 մլն դոլար, տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Հայաստան» հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնի խորագիրն էր «Կենսունակ սահմանային համայնքներ», որի արդյունքում 12 մլն դոլարի նվիրատվություն և խոստում էր եղել։