Գրիգորյանը և Զոհուրին շեշտել են Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը

Էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցը քննարկել են ՀՀ փոխվարչապետն ու ՀՀ–ում Իրանի դեսպանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին պայմանավորվել են առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կետերի կատարման ընթացքին հետևող հանձնախմբի նիստը։ Տեղեկությունը հայտնում է կառավարության աշխատակազմը` հավելելով, որ Գրիգորյանն ընդունել է Զոհուրիին։
«Փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես, համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:
Շեշտվել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը և դրա ներքո համագործակցության ընդլայնման հեռանկարները: