ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական Ռ. Ս.–ին մեղադրանք է առաջադրվել` խարդախությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով դատապարտյալից գումար հափշտակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ Ռ. Ս.-ն ծանոթություն է հաստատել Դիլիջան քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի հետ, որը նույն դատարանի` 2016 թվականի հուլիսի 8-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի -խմբ.) և ազատազրկվել (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Դրանից հետո` 2017 թվականի հունիսի 21-ին, դատապարտյալի պաշտպանը դիմել է դատարան` Ս. Հ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Դատավորի օգնական Ռ. Ս.-ն տեղեկացել է դիմումի մասին ու Ս. Հ.-ին հայտնել է, որ որպես պատժատեսակ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու համար անհրաժեշտ է 300.000 ՀՀ դրամի պետական վճարում կատարել, մինչդեռ օրենքով նման վճարում սահմանված չի եղել:
Արդյունքում, Ռ. Ս.-ն Վանաձոր քաղաքում հանդիպել է դատապարտյալ Ս. Հ.-ի հետ և ստացել 300.000 ՀՀ դրամը:
Քննության առնելով Ս. Հ.-ի պաշտպանի դիմումը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հիշյալ դիմումն ըստ ընդդատության ուղարկելու վերաբերյալ։ Դրանից հետո դատապարտյալ Ս. Հ.-ի պահանջով Ռ. Ս.-ն հիշյալ գումարը վերադարձրել է նրան:
Ռ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելը) նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: