Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպումը Բրյուսելում չի կայանա Մակրոնի պատճառով

Արխիվային լուսանկար
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ ձևաչափով հանդիպումը նախատեսված էր դեկտեմբերի 7-ին ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա:
«Երեկ Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնական) ինձ տեղեկացրել է, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա», - ասել Է Ալիևը ուրբաթ օրը «Միջին միջանցքի երկայնքով. Աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային խորհրդաժողովում։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ քառակողմ ձևաչափով հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ անցկացվում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Իսկ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են այս տարվա օգոստոսի 31-ին։ Դրան նախորդել էր եռակողմ հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։