Ալիևը Երևանի և Անկարայի երկխոսությունը կապել է հայ-ադրբեջանական կարգավորման հետ

Իլհամ Ալիև. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի նախագահը խոսել է հայ–թուրքական հարաբերությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Պաշտոնական Բաքուն հանդես է գալիս այն բանի օգտին, որ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Միջին միջանցքի երկայնքով. Աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային խորհրդաժողովում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն, եթե կարգավորվեն Երևանի և Բաքվի հարաբերությունները:
Ալիևի խոսքով՝ այժմ Երևանի հռետորաբանության մեջ «փոփոխություններ են նկատվում»։
«Այժմ նրանք ասում են, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք էլ ասում ենք, որ աջակցում ենք դրան։ Մենք ցանկանում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռ ընթանան՝ խոսքը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին է»,–ասել է նա։
Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Բացի այդ, 2022-ի հուլիսին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին հեռախոսազրույցը, իսկ հոկտեմբերի 6-ին նրանք հանդիպել են Պրահայում։