ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Մոտ 220 կեղծ ամուսնություն են կնքել միգրանտները, որոնք այդ կերպ փորձել են օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանում։ Տեղեկությունը «Ռոսիա սեգոդնյայի» հարթակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան։
Նրա խոսքով՝ բոլոր փաստաթղթերը, որոնք ստացվել են կեղծ ամուսնության արդյունքում, չեղյալ են հայտարարվում և, համապատասխանաբար, քաղաքացին արտաքսվում է ՌԴ տարածքից։
Կազակովան նաև հայտնել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից արտասահմանցի ուսանողները կկարողանան ուսումնառության ողջ ընթացքում Ռուսաստանում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ։ Իսկ բուհն ավարտելուց հետո ժամկետն ավտոմատ կերկարաձգվի 180 օրով։ Ի դեպ` Ռուսաստանում 400 հազար արտասահմանցի ուսանող կա։
Մեղմացումները կանդրադառնան նաև ՏՏ ոլորտի մասնագետների վրա, որոնք կկարողանան Ռուսաստանում կացության կարգավիճակ ստանալ՝ շրջանցելով ժամանակավոր կացության թույլտվության ընթացակարգը: Ընդ որում` կացության կարգավիճակ կտրամադրվի ոչ միայն նրանց, այլև նրանց հարազատների լայն շրջանակին (ծնողները, երեխաները, թոռները, տատիկները, պապիկները)։
Միգրացիայի հարցերով վարչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունում օրինագիծ է նախապատրաստվել, որով նախատեսվում է արտաքսումն ու վարչական վտարումը փոխարինել ՌԴ-ից արտաքսման միասնական ընթացակարգով:
Ռուսաստանում մոտ 6 միլիոն օտարերկրյա քաղաքացի կա։ Նրանց մոտ կեսը աշխատանքային միգրանտներ են, 750 հազարը՝ ժամանակավոր և մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներ։