ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը

Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ կողմերը նաև ուկրաինական նավահանգիստներից պարենի արտահանմանն առնչվող հարցեր են քննարկել։
Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
ՌԴ–ն պատրաստ է հարթակ տրամադրել Սիրիայի և Թուրքիայի առաջնորդների հանդիպման համար
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում իրավիճակը կտրուկ սրվեց Ստամբուլի ահաբեկչությունից հետո։
Նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական:
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ–ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ է իրականացրել քրդական խմբավորումների դեմ` ոչնչացնելով 89 թիրախ։
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ թուրքական բանակի հասցրած հարվածներն անպատասխան չեն մնա։
Նոյեմբերի 21-ին Սիրիան հրթիռակոծել է Թուրքիայի Քարքամիշ քաղաքը։