ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ–ի տեսուչները Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքի հրթիռակոծումից հետո դոզիմետրիկ չափումներ են իրականացրել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ռոսէներգոատոմի» ներկայացուցիչ Դմիտրի Շևչենկոն։
«ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչները հրթիռակոծությունից հետո ստուգել են ԱԷԿ–ի տարածքին հասցված վնասները և չափումներ իրականացրել։ Նրանց սարքերը շեղումներ չեն հայտնաբերել», – ասել է գործակալության զրուցակիցը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: